Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) կենսաթոշակային բարեփոխումների հարցում Հայաստանի կառավարության վրա ճնշումներ չի գործադրել։ Այս մասին մարտի 24-ին հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը, Հայաստանում հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեզա Դաբան Սանչեսի հետ համատեղ ասուլիսում։ Հորթոնի խոսքով՝ կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներին, մասնավորապես՝ կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրմանը, պատրաստվել է 4-5 տարի, խնդիրը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ՝ ում վրա տարածվում են բարեփոխումները, խորհրդակցություններ են եղել նաև Հայաստանի սահմաններից դուրս, այն երկրներում, որոնք արդեն իսկ ներդրել են պարտադիր բաղադրիչը։ «Իշխանությունները խորհրդակցել են կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում մասնագիտացված ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ։ Իշխանությունները փորձել են գտնել ֆոնդերի լավագույն կառավարիչներին։ Մեր կարծիքով՝ դա լավ մշակված և լավ մտածված բարեփոխում է»,- նշեց Հորթոնը՝ հավելելով, թե բարեփոխումներն ազդելու են հասարակության լայն շերտերի վրա, և բարեփոխումներում անշուշտ կլինեն հատվածներ, որոնք ավելի հեշտ կընդունվեն, կլինեն նաև այնպիսիք, որոնք շատ ավելի դժվար կընդունվեն։ «Մինչ այժմ գործընթացը շատ լավն է եղել։ Կենսաթոշակային բարեփոխումներ նախագծելիս ստիպված ես լինում բարդ ընտրություն կատարել։ Համարում ենք, որ այս բարեփոխումներում ապահովվել է պատշաճ հավասարակշռվածությունը»,- նշեց ԱՄՀ ներկայացուցիչը։ Ըստ Հորթոնի՝ դեռևս դժվար է ենթադրել, թե ինչպես կառավարությունը կարձագանքի, եթե Սահմանադրական դատարանը մարտի 28-ին ամբողջովին կամ մասամբ հակասահմանադրական ճանաչի բարեփոխումները։
↧