Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

Արցախյան հանրահավաքի տրամաբանությունը

$
0
0
Ստեփանակերտում Ղրիմի ինքնորոշման օգտին կայացած հանրահավաքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ընդհուպ որոշ մեկնաբաններ փորձեցին այն ներկայացնել որպես Արցախի՝ Ռուսաստանին միանալու ցանկություն: Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Ստեփանակերտում մարտի 18-ին: Վերջին տարիներին «հանրահավաքներն» Արցախում մշտապես կազմակերպվում են իշխանությունների կողմից: Իրականում դրանք տեղի են ունենում այսպես՝ պետական հիմնարկներն աշխատանքը դադարեցնում են կես ժամ շուտ և աշխատակիցներին խնդրվում է «Վերածննդի» հրապարակով տուն գնալ: Բյուրոկրատական քաղաք համարվող Ստեփանակերտում իշխանություններն այսպես ապահովում են հանրահավաքի բազմամարդությունը: Տարբեր առիթներով: Մի քանի պաշտոնական հաղորդագրությունից հետո ելույթ են ունենում մշակութային կոլեկտիվները և դրանով ավարտվում է ամեն ինչ: Որպես կանոն լինում են նաև կարգախոսային պաստառներ: Մարտի 18-ին հանրահավաքի կազմակերպիչները հանդես էին եկել «Հայրենի հողը ոչ մեկի չեն տալիս» վերտառությամբ պաստառներով: Սա ավելի քան խոսուն պաստառ է, և ըստ իս, պատասխանն էր ռուսական որոշ պաշտոնյաների և տեսաբանների՝ Ղարաբաղը Ռուսաստանին միացնելու մասին հնչեցրած մտքին: Բնակաբար նման պաստառն ուղղված էր նաև զորիբալայանական մարգինալ տեսակին: Մարտի 18-ն իրականում հակառուսական ցույցի օր էր՝ կազմակերպված Արցախի իշխանությունների կողմից: Արցախում մեծ է ռուսական մշակույթի ազդեցությունը, արցախյան իշխանություններին կարելի է անվանել ռուսամետ, նրանցից շատերն են կրթություն ստացել Ռուսաստանում, այդ թվում՝ խորհրդային տարիների կուսակցական դպրոցներում, միգուցե ժամանակին հավաքագրված են եղել խորհրդային ԿԳԲ-ի կողմից, բայց վստահաբար պետք է պնդել, որ Արցախի քաղաքական դաշտում չկա որևէ մեկը, ով համաձայն կլինի Արցախի՝ այլ պետության հետ միությանը, բացի մայր Հայաստանից: Արցախի քաղաքական դաշտում դավաճաններ չկան: Իշխանությունը կոռումպացված է և ոչ արդյունավետ, բայց ոչ դավաճան։ Արցախում վտանգի պահին բացառիկ համախմբման մեծ ներուժ կա, ինչը պայմանավորված է քաղաքական դերակատարների միջև անտագոնիզմի բացակայությամբ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքին, ապա վստահաբար պետք է նշել, որ Արցախում ավելի զգոն և պրագմատիկ են, քան Երևանում կամ Հայաստանի այլ մարզերում: Դրա պատճառն էլ ոչ վաղ անցյալի պատմությունն է: Ընդամենը երկու-երկուսուկես տասնամյակ առաջ ռուսները հայաթափում էին Շահումյանի շրջանի, Գետաշենի ենթաշրջանի, Հադրութի շրջանի մի մասի, Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, ադրբեջանական հրոսակների հետ համատեղ իրականացնում էին հայ ժողովրդի դեմ ծրագրված բռնի գործողություններ, որոնք հանգիստ տեղավորվում են ցեղասպանության սահմանման մեջ: Այդ տեղահանությունների վկաններն այսօր ապրում են, ողջ են բազմաթիվ տղամարդիկ, որոնց ռուսները գերել և տարել են Շուշիի ու Ադրբեջանի բանտեր, ենթարկել խոշտանգման: Արցախահայությունը բառացիորեն իր մաշկի վրա է զգացել ռուսական գերիշխանությունը, տեսել ռուսական զորքերի վայրագությունը, ի վերջո, Արցախի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը ռուս-թուրքական առևտրի արդյունք է: Արցախի ժողովուրդը հստակ գիտի՝ ինքնիշխանության զիջումն այլ երկրի, քան Հայաստանն է, միշտ բերելու է տխուր առևտրական գործարքների, ինչպես 1921թ. որոշումը: Հետևաբար Արցախի համար ամենաթանկ բանը հայության ինքնիշխանությունն է: Եվ սա լավ հասկանում են արցախյան հասարակության բոլոր շերտերը:  

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles