Կիևում պետական հեղաշրջման պատճառ մեծ հաշվով դարձավ Բրյուսելի՝ Արևելյան գործընկերության պետություններին Եվրամիության և Ռուսաստանի միջև ընտրության առջև կանգնեցնելու ձգտումը, հայտարարել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։ Այս մասին հաղորդում է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը։ «Ժամանակն է՝ Եվրամիությունը հասկանա, որ Ուկրաինայում ճգնաժամի պատճառը Ռուսաստանի մեջ չէ, այլ ուկրաինական քաղաքական ուժերի և նրանց արտասահմանցի խնամարկուների առանձին գործողություններում։ Բրյուսելի՝ Ուկրաինային, ինչպես նաև Արևելյան գործընկերության «առանցքային» մյուս պետություններին ԵՄ-ի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության մղելու ձգտումը մեծ հաշվով հրահրեց խոր ներքաղաքական ճգնաժամ այս երկրում, որը հանգեցրեց Կիևում հակասահմանադրական հեղաշրջման»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի վարչության մենկաբանությունում՝ կապված Եվրամիության խորհրդի՝ Ուկրաինայի հարցով որոշման հետ։ «Ցավալի է, որ Եվրամիությունը կտրականապես մերժեց Ղրիմում թերակղզու բնակիչների աննախադեպ բարձր մասնակցությամբ ընթացած հանրաքվեի արդյունքները։ Բրյուսելում նախընտրեցին չնկատել նաև այն, որ ղրիմցիներին առաջարկվեց իրական այլընտրանք Ռուսաստանին միանալու մտադրությունը հաստատելու և Ուկրաինայի կազմում հետագա գտնվելու միջև»,- ասված է հաղորդագրությունում։ Բացի այդ՝ գերատեսչության ներկայացուցիչները նշել են, որ «Ռուսաստանի հետ «ուժի լեզվով» խոսելու, Ռուսաստանի քաղաքացիներին պատժամիջոցներով սպառնալու փորձերը ոչ մի տեղ չեն տանում։ Սահմանափակող միջոցառումների ընդունումը մեր ընտրությունը չէ, սակայն հասկանալի է, որ մեր նկատմամբ սահմանված պատժամիջոցները Ռուսաստանի կողմից անպատասխան չեն մնա»։ Մարտի 17-ին Եվրամիությունն ու ԱՄՆ-ը հայտարարեցին Ուկրաինայից և Ռուսաստանից պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների սահմանման մասին՝ ի պատասխան Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեի, որը նրանք անօրինական են համարում։ Մարտի 16-ին Ղրիմում տեղի էր ունեցել հանրաքվե թերակղզու կարգավիճակի հարցով։ Մասնակցածների ավելի քան 96 տոկոսը (ավելի քան 1.23 միլիոն մարդ) կողմ էր արտահայտվել Ռուսաստանին միանալուն: Հանրաքվեին մասնակցել էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ավելի քան 83 տոկոսը։ Մարտի 17-ին Ղրիմի խորհրդարանը ընդունել էր որոշում «Ղրիմի անկախության մասին»։ Խորհրդարանը նաև դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ նոր սուբյեկտ Ռուսաստանի կազմ ընդունելու առաջարկով։ Մարտի 18-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին ստորագրեցին Ղրիմի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունում ընդունելու և Ռուսաստանի Դաշնության կազմում նոր սուբյեկտների ձևավորման մասին պայմանագիրը։ Ղրիմն ու Սևաստոպոլը համարվում են Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունված մարտի 18-ից՝ պայմանագրի ստորագրման օրվանից։
↧