Ռուսաստանին և Արևմուտքին չի հաջողվել հաղթահարել Ղրիմի ճգնաժամի հետ կապված տարաձայնությունները: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ լոնդոնյան հանդիպումից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Միաժամանակ՝ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի արևելյան շրջաններ ներխուժելու ծրագրեր չի ունեցել և չունի: ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները ընկալվում էին՝ որպես մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեի հետ կապված լայնամասշտաբ քաղաքական ճգնաժամը կանխելու վերջին փորձ: «Մենք միանման չենք տեսնում իրադրությունը»,- Քերիի հետ երկարատև զրույցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Լավրովը: Նա հանդիպումը «օգտակար» է որակել: ՌԴ ԱԳ նախարարը նաև հաղորդել է, որ պետքարտուղար Քերրին «որևէ սպառնալիք առաջ չի քաշել», իսկ ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա Մոսկվան տեղյակ է՝ ինչ են քննարկում Վաշինգտոնում և Եվրոպայում: Նրա խոսքով՝ Արևմուտքում գործընկերները նույնպես հասկանում են, որ պատժամիջոցները արդյունավետ չեն և չեն նպաստի առևտրական հարաբերությունների զարգացմանը: Լավրովը ընդգծել է Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտոււթյունը և ասել, որ Կիևը պետք է Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններ վարի: BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին նշել է, որ ՌԴ արտգործնախարարը հասկացնել է տվել, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ չէ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում ընդունել մինչև մարտի 16-ի Ղրիմի հանահավաքը: «ԱՄՆ-ի դիրքորոշումը այդ հանրաքվեի հետ կապված հստակ է: Մենք գտնում ենք, որ հանրաքվեն հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանը և միջազգային իրավունքին»,- հայտարարել է Քերին: Վերջինս նաև մտահոգություն է հայտնել Ղրիմում և Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ արևելյան սահմանի երկայնքով ռուսական զորքերի ծավալման, ինչպես նաև Ուկրաինայի արևելքում երիտասարդների ահաբեկող գործողությունների վերաբերյալ: Մարտի 1-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հավանության արժանացրեց երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի օգտագործումը թույլատրելու խնդրանքը՝ մինչև այդ երկրում հասարակական-քաղաքական իրադրության կարգավորումը։ Պուտինը հայտարարում է, որ Ուկրաինայում զորքեր օգտագործելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Նա նաև հերքում է լուրերը, թե ռուսական զորքերն արդեն մտցվել են Ուկրաինա։ Ուկրաինայի արտգործնախարարությունը Ռուսաստանի նախագահին մեղադրում է Ղրիմում դեպքերի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ նշելով, որ թեև Պուտինը հերքում է Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի գտնվելու փաստը, բազմաթիվ տեսագրություններ հակառակն են հաստատում։ Մարտի 16-ին Ղրիմում նշանակված է հանրաքվե ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրվելու երկու հարց՝ «Դուք կո՞ղմ եք Ղրիմի՝ որպես ՌԴ սուբյեկտ Ռուսաստանին վերամիավորմանը» և «Դուք կո՞ղմ եք Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ 1992թ․ Սահմանադրության վերականգնմանը և Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս կարգավիճակին»։ Կիևում և Արևմուտքում հանրաքվեն անօրինական են համարում։
↧