Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Ռուսաստանի գործողությունները Ղրիմում և աջակցություն են հայտնում Ուկրաինայի իշխանություններին: Մարտի 13-ի լիագումար նիստին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում նշվում է, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքի անքակտելի մասն է և այդպիսին է ճանաչվել ոչ միայն միջազգային հանրության, այլև Ռուսաստանի կողմից: Եվրախորհրդարանը կոչ է արել Ռուսաստանին «անհապաղ դուրս բերել Ուկրաիանայի տարածքում անօրինականորեն գտնվող զինված ուժերը» և պահանջել «լիովին հարգել միջազգային իրավունքը և գործող կոնվենցիաներից բխող պարտավորությունները»: Եվրոպական խորհրդարանը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Բուդապեշտյան հուշագրով երաշխավորել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Բանաձևում նշվում է, որ պատգամավորները դատապարտում են «մարտի 16-ին Ղրիմում կայանալիք հանրաքվեն և ինքնահռչակ իշխանությունների կողմից Ղրիմի անկախության հռչակումը»: Եվրոպացի պատգամավորները նշել են, որ Ուկրաինայի սահմանադրության համաձայն, Ղրիմը կարող է միայն տեղական նշանակության հանրաքվեներ կազմակերպել, այլ ոչ թե սահմանների փոփոխության վերաբերյալ: Եվրախորհրդարանը նաև ողջունել է Եվրահանձնաժողովի որոշումը՝ կապված Ուկրաինային կարճաժամկետ ու միջնաժամկետ ֆինանսական օգնություն ու 11 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի հետ: Ավելի վաղ Բրյուսելը առաջարկել էր Ուկրաինայի նոր իշխանություններին առաջիկա երկու տարիներին տրամադրել ֆինանսական աջակցության փաթեթ՝ 11 մլրդ եվրոյի չափով։ 2013թ․ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դադարեցրեց ԵՄ-ի հետ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը՝ ելնելով Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման անհարժեշտությունից՝ միաժամանակ հայտարարելով, որ չի հրաժարվում եվրաինտեգրումից։ Ուկրաինայի մայրաքաղաքում և այլ քաղաքներում եվրաինտեգրման աջակիցները կառավարության այս որոշմանն արձագանքեցին զանգվածային ցուցյերով։ Ավելի ուշ, սակայն, եվրաինտեգրման հարցի նշանակությունը ցույցերի շատ մասնակիցների համար նվազեց՝ զիջելով տեղը նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականի պահանջին։ Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 22-ին որոշում ընդունեց մայիսի 25-ինարտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին՝ Յանուկովիչին պաշտոնանկ անելով սահմանադրական պարտականությունների կատարումից։ Ինքը՝ Յանուկովիչը, հայտարարում է, որ շարունակում է մնալ օրենքով ընտրված նախագահ։ Գերագույն ռադայի փետրվարի 23-ի որոշմամբ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը: Մարտի սկզբին Ուկրաինայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ կառավարությունը վերսկսել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստումը։
↧