Արգենտինացի հայտնի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան 490 հազ. դոլարի փոխհատուցում կստանա չինական ընկերություններից՝ համակարգչային առցանց խաղում իր անունն ու կերպարն ապօրինաբար օգտագործելու համար, հաղորդում է BBC-ն: Պեկինի դատարանն ընդունել է ֆուտբոլիստի հայցը, որն առնչվում է Hot-Blood Soccer խաղում Մարադոնայի կերպարի և ինքնագրի օգտագործմանը՝ առանց վերջինիս համաձայնության: Չինական դատարանը բավարարել է Մարադոնայի պահանջը: Ըստ հաղորդագրությունների՝ չինական ընկերությունները Մարադոնային կվճարեն 3 մլն յուան (490 հազ. դոլար) ֆուտբոլիստի հեղինակային իրավունքը խախտելու համար, ինչպես նաև 1 յուան որպես բարոյական փոխհատուցում: Առցանց խաղը մշակվել է The9 ընկերության կողմից և հասանելի է Sina չինական խոշոր սոցցանցում: Sina ընկերության փաստաբան Սյույ Չանբոն ասել է, որ իր հաճախորդը դժվար թե բողոքարկի դատարանի որոշումը:
↧