Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 17057

Ցեղասպանությունների կրկնությունը կանխող մեխանիզմների կարիքը կա. Է. Նալբանդյան

$
0
0
Մարտի 7-ին Միավորած ազգերի կազմակերպության ժնևյան կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվել էր 2013 թ. Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն, հաղորդում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակի նիստերի մեծ դահլիճում Մարդու իրավունքների խորհրդի ղեկավար Բոդեր Նդոնգ Էլլայի նախագահությամբ գումարված քննարկմանը բացման ելույթներով հանդես են եկել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը, քննարկման հիմնական բանախոսներից է եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը։ Ելույթ են ունեցել շուրջ հինգ տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կարևորել են ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրումը։ Իր խոսքում նախարար Նալբանդյանը, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովուրդը, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, բարոյական խիստ պատասխանատվություն է զգում իր ներդրումը բերելու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին: Ես պետք է երախտագիտություն հայտնեմ այն բազմաթիվ անդամ պետություններին, որոնք պատրաստակամորեն իրենց աջակցությունն են բերում այս վեհ նպատակին ծառայող մեր տարբեր նախաձեռնություններին: Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության կանխարգելման մասին Մարդու իրավունքների խորհրդի բանաձևի բոլոր համահեղինակներին, որն ընդունվել է այս բարձր մարմնի կողմից անցյալ տարի: Չնայած այն փաստին, որ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիան ընդունվել է 1948թ., դրան հաջորդած տասնամյակներում, ներառյալ վերջին տարիներին, ցավոք իրագործվել են նոր ցեղասպանություններ, նոր մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այս սարսափելի երևույթը Կամբոջայից Ռուանդա և Դարֆուր շարունակում է մնալ չվերացված: Սա նշանակում է, որ մենք ոչ միայն քննարկումների, բանաձևերի, հռչակագրերի, կոնվենցիաների, այլ նաև ցեղասպանությունների կրկնությունը կանխող արդյունավետ մեխանիզմների կարիքն ունենք»:

Viewing all articles
Browse latest Browse all 17057

Trending Articles