Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16991

ԱՄՆ-ը ուղիղ բանակցություններ է սկսում «Տալիբանի» հետ

$
0
0
Սպիտակ տունը հունիսի 18-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ուղիղ բանակցություններ սկսել «Տալիբան» շարժման հետ, հաղորդում է BBC-ն։ Առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ տալիբները նախօրեին բացել են իրենց առաջին ներկայացուցչությունը։ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը նույնպես հունիսի 18-ին հայտարարել է, որ առաջիկայում Կատար կուղարկվեն աֆղանական կառավարության ներկայացուցիչները՝ «Տալիբանի» հետ խաղաղ բանակցություններ իրականացնելու նպատակով։ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ տալիբների հետ քննարկման թեմաներից մեկը լինելու է գերիների փոխանակումը, սակայն բանակցությունների առաջին շաբաթները նվիրված են լինելու հիմնականում կողմերի փոխադարձ պահանջների ուսումնասիրմանը։ Ընդ որում՝ բանակցություններն իրականացվում են պայմանով, որ տալիբները կհրաժարվեն բռնությունից, կխզեն իրենց կապերը «Ալ Կաիդայի» հետ և կհարգեն Աֆղանստանի Սահմանադրությունը, այդ թվում՝ կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Ամերիկացի պաշտոնատար անձինք հայտարարել են, որ խոսքը շատ երկար ճանապարհի առաջին քայլի մասին է՝ հավելելով, որ հաջողության որևէ երաշխիք չկա։ Ինչպես նշում է Հյուսիսային Ամերիկայում BBC-ի թղթակից Մարկ Մարդելը, տալիբները կարող են միանգամայն այլ կերպ հասկանալ սպասվող շփումների իմաստը, քան աֆղան և ամերիկացի ներկայացուցիչները։ Հունիսի 18-ին «Տալիբան» շարժումը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Դոհայում ներկայացուցչության բացման հիմնական նպատակներից մեկը «աֆղանների հետ շփումներ պահելն է»։ Տալիբները, ասված է նաև հայտարարությունում, շփումներ կպահեն ՄԱԿ-ի, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ կառավարական իսնտիտուտների հետ։ Դոհայում «քաղաքական բյուրո» բացելով՝ «Տալիբանի» ներկայացուցիչ Մոհամեդ Նաիմը հայտարարել է, որ շարժումը ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Աֆղանստանի բոլոր հարևանների հետ։ Նախկինում տալիբները միշտ հրաժարվում էին նախագահ Քարզայի կամ նրա կառավարության անդամների հետ անմիջական հանդիպումներից՝ վստահեցնելով, որ նրանք ԱՄՆ-ի խամաճիկներն են։ Հունիսի 18-ին Աֆղանստանում ավարտվել է նաև երկրի անվտանգության ապահովման վերահսկողությունը ՆԱՏՕ-ի զինծառայողներից աֆղանական ուժերին փոխանցելու գործընթացը, որը սկսվել էր 2011թ․։ Այս մասին Համիդ Քարզայը պաշտոնապես հայտարարել է երկրի վերջին 95 շրջանների վերահսկողության փոխանցման կապակցությամբ հատուկ արարողությանը։ Միջազգային զորախումբը Աֆղանստանում կմնա մինչև 2014թ․ վերջ՝ աֆղանական ազգային բանակին ռազմական օգնություն ցուցաբերելով անհրաժեշտության դեպքում։

Viewing all articles
Browse latest Browse all 16991

Trending Articles