Ձկնաբուծարանները փակ շրջանառու համակարգով շահագործելու հարցում կառավարությունը հետևողական է լինելու և «հետ քայլ չի անելու»։ Այդ մասին դեկտեմբերի 11-ին շրջակա միջավայրի նախարարությունում՝ գերատեսչության 2023-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ձկնաբուծարանների գործունեության նոր կարգի ներդրման մասին։
«Ակնհայտ է, որ մենք պետք է հետևողական լինենք, չենք կարող մեր քաղաքականությունները հետ ու առաջ անել, մենք պետք է գնանք առաջ: Դա էլ է հարց՝ մենք որքան ջուր ենք վատնում՝ որքան ձուկ արտադրելու համար, և այդ բալանսն ինչ արժե: Մեկ այլ բան ասեմ. եթե մեզ ձուկ անհրաժեշտ լինի՝ մենք կարող ենք այլ տեղից ձեռք բերել, բայց եթե մեզ ջուր անհրաժեշտ լինի, մենք չենք կարող այլ տեղից այն բերել: Եվ սա ազգային անվտանգության հարց է»,- ասել է նա։
***
Ազգային ժողովը նոյեմբերի 22-ին ընդունել է Ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։ Օրինագիծը ներկայացնելիս շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել է, որ փոփոխությամբ ամրագրվում է «փակ շրջանառու համակարգ» հասկացությունը: Ըստ նրա՝ նման համակարգը թույլ կտա վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը:
«Այս նպատակով օրենսդրությամբ սահմանված է փակ շրջանառու համակարգը։ Մենք այս պահին նաև համակարգի կարգն ենք սահմանում, ունենք փաթեթը, որը առաջիկայում կներկայացնենք ՀՀ կառավարության քննարկմանը։ Դա կնշանակի, որ, օրինակ, ձկնաբուծարաններն իրենց արտադրական գործընթացում ջուրն ավելի արդյունավետ կօգտագործեն»,- ասել է նախարարը։
Ձկնաբույծները դեկտեմբերի 11-ին բողոքի ակցիա են իրականացրել նախարարության դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով օրենքի փոփոխության վերաբերյալ։
The post Ձկնաբուծարանները փակ համակարգով շահագործելու հարցում կառավարությունը «հետ քայլ չի անելու», նշում է Փաշինյանը appeared first on CIVILNET.