Ուկրաինայում փետրվարի 19-ից հետո բողոքի ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածներն ազատ կարձակվեն, որոշում է ընդունել երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։ Ընդհանուր առմամբ, ազատ կարձակվի 64 մարդ։ Ավակովը նշել է, որ ծառայողական հետաքաննություններ է նշանակել, որոնց շրջանակում կստուգվի նախարարության և շրջանային վարչությունների աշխատակիցների գործունեությունը բողոքի վերջին ակցիաների ընթացքում։ Ավակովը գրել է, որ ոստիկանության համակարգի պաշտոններում նշանակումներ կլինեն նաև «Մայդանի ինքնապաշտպանության» առավել ակտիվ քաղաքացիների շարքից։ Նա տեղեկացրել է, որ խորհրդակցություն է անցկացվել Մայդանի ինքնապաշտպանության և «Աջ սեկտորի», Ուկրաինայի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ժողովրդի կողմն անցած նախարարության աշխատակիցների հետ: Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար «Բատկիվշչինա» կուսակցությունից ազգությամբ հայ պատգամավոր Արսեն Ավակովը նշանակվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փետրվարի 22-ի որոշմամբ: Զանգվածային բողոքի ակցիաներից և բախումներից հետո, որոնց ընթացքում, ըստ առողջապահության նախարարության վերջին տվյալների, զոհվել է 82 մարդ, Ուկրաինայի իշխանությունները ընդդիմության հետ համաձայնության եկան արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու և 2004թ. Սահմանադրությանը վերադառնալու վերաբերյալ:
↧