Հայ-ադրբեջանական նոր պատերազմի մասին շատերն են խոսում և դա անում են հատկապես ակտիվացող փոխհրաձգությունների կամ դիվերսիոն գործողությունների ֆոնին: Հակամարտող կողմերի ձեռք բերած նոր սպառազինությունները, ռազմատենչ հայտարարություններն ավելի են մոտեցնում կասկածները նոր պատերազմի հավանականության վերաբերյալ: Պատերազմի հնարավորության թեմայով խոսողները պատերազմը սկսող տեսնում են Ադրբեջանին, և ոչ մեկը չի քննարկում հայկական կողմից պատերազմ սկսելու հնարավորությունը: Պատճառը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքն ու հայտարարություններն են, այլ նախորդ պատերազմում պարտված կողմ լինելը և ռևանշիզմը: Ադրբեջան ասելով՝ մեկնաբանների մի ստվար հատված հասկանում է Ալիևի ռեժիմը և հայ-ադրբեջանական նոր պատերազմի վերաբերյալ հարցը ձևակերպվում է հետևյալ կերպ՝ կսկսի արդյո՞ք Ալիևը պատերազմ հայերի դեմ: Նախորդ պատերազմի փորձը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունները պատեհ պահ են Ադրբեջանում իշխանափոխության համար: Ալիևի ընտանիքը պարտական է Ղարաբաղյան պատերազմին՝ Բաքվում իշխանության գալու համար: Թեև ադրբեջանցիներն հենց Հեյդար Ալիևի իշխանության ժամանակ կորցրին ամենաշատ տարածքները՝ Խորհրդային Ադրբեջանի նախկին ղեկավարին հաջողվեց պարտությունների մեղքը բարդել ներքին հակառակորդների և ամբիցիոզ զինվորականների վրա ու իշխանությունն Ապշերոնում դարձնել ժառանգական: Պատերազմի մասին Ադրբեջանում, այո, երազում են: Բայց ոչ Իլհամ Ալիևը: Ադրբեջանում պատերազմ են տենչում Ալիևի հակառակորդները, որոնք ցանկանում են օգտագործել ֆորս-մաժորը՝ իշխանության գալու համար: Իսկ ովքե՞ր են Ալիևի հակառակորդները: Արդյո՞ք մի քանի հարյուր հոգանոց ցույցեր կազմակերպող կուսակցությունները կամ ժամանակ առ ժամանակ բանտերում հայտնվող բլոգերները: Բոլորովին՝ ոչ: Դեռևս 2008թ. Ճգնաժամերի կարգավորման միջազգային խումբն իր հրապարակած «Ադրբեջան. անկախ իսլամն ու պետությունը» զեկույցում նկատում է, որ ադրբեջանցիները, հույսերը կտրելով քաղաքական ճանապարհով փոփոխությունների հնարավորությունից, աստիճանաբար հակվում են դեպի իսլամի տարբեր ուղղություններ: Խարիզմատիկ հոգևորականներն իրենց հոգևոր զրույցներում շոշափում են նաև սոցիալական արդարության և այլ հարցեր, որոնք սովորաբար քաղաքական ուժերի մենաշնորհն են: Ալիևների ռեժիմի հիմնական հակառակորդն այսպիսով դառնում են չվերահսկվող իսլամիստական խմբավորումները, որոնք անընդհատ մեծացնում են իրենց համակիրների թիվը, ընդհուպ ձևավորում ծայրահեղական զինված խմբեր, որոնց մի մասն այսօր մաշվում է Սիրիայի քաղաքացիական պատերազմում: Այս կառույցներն Ադրբեջանում ֆորս-մաժորի դեպքում, միանշանակ, կփորձեն տիրանալ Բաքվի իշխանությանը: Քիչ են հնարավորությունները նրանց հայրենասիրական լոլոների տակ դեպի հայկական սահման քշելը: Նրանց գործողությունների հիմնական թատերաբեմը դառնալու է Ապշերոնյան թերակղզին: Հենց այս առումով նոր պատերազմ սկսելն Իլհամ Ալիևի համար ինքնասպանության նման մի բան է: Սակայն ինքնասպանություններ իրականության մեջ նույնպես լինում են, հետևաբար բանական հաշվարկների կամ տրամաբանության վրա հույս դնելն ամենամեծ հիմարությունն է: Պատերազմին պետք է պատրաստ լինել ամեն վայրկյան՝ լինի դա մարտական դիրքում, թե քաղաքացիական կյանքում:
↧