Quantcast
Channel: CIVILNET
Viewing all articles
Browse latest Browse all 16994

Օջալանը Թուրքիայի պատվերն է կատարում. Սայիթ Չեթինօղլու

$
0
0
Պատմաբան Սայիթ Չեթինօղլուն ՍիվիլՆեթի փորձագետ Ալին Օզինյանի հետ խոսում է Քրդական համայնքների միության (KCK) առաջնորդ Բեսե Հոզաթի և քուրդ այլ քաղաքական առաջնորդների վերջին հայտարարությունների մասին: Ըստ Չեթինօղլուի՝ թուրքական կառավարությունն ու քրդերը համագործակցում են 2015-ի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստվելու գործում: -Քրդստանի աշխատավորական կուսակցության, այսինքն՝ PKK-ի քաղաքական թևի՝ KCK-ի (Քրդստանի համայնքների միություն) համանախագահ Բեսե Հոզաթն անցյալ շաբաթ մեղադրեց հայերին քուրդ-թուրքական խաղաղության գործընթացի բարեհաջող ավարտը խոչընդոտելու մեջ: Ի՞նչ ասաց Հոզաթը: -Բեսե Հոզաթը խոսեց Թուրքիայում խաղաղության ու ժողովրդավարության հասնելու հարցում առկա խոչընդոտների մասին: Ըստ նրա՝ այդ խոչընդոտները պայմանավորված են զուգահեռ պետությանների առկայությամբ: Զուգահեռ պետությունը, ըստ նրա, ներառում է հայկական, հունական և հրեական լոբբին: Դա ընդունվեց որպես լեզվի սայթաքում, սակայն մի քանի օր անց պարզաբանում տրվեց: Երկու օր անց Քրդական համայնքների միության (KCK) խորհրդի նախագահ Ռիզա Ալթունը նշեց, որ «իսկապես կարող ենք համոզված լինել խորքային պետությունում առկա լոբբիների շուրջ»: Նա կրկնեց, որ այդ լոբբիները խաղաղության համար բարդություններ են առաջացնում: Սա, մի կողմից, Օջալանի ելույթի կրկնությունն էր: 2013-ի փետրվարին Օջալանը նույն բաներն էր ասել: Դրանից հետո ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցության – ՍիվիլՆեթ) և Քրդական համայնքների միության շատ ներկայացուցիչներ կրկնեցին նրա խոսքերը: Գնահատական տալիս մենք բացառում ենք նրանց ասածները: Այս ամենի թվում՝ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) անդամ Սըրրը Սակիկի թերի ընկալման հետևանքով արած հայտարարություններն էին ուշագրավ: «Դրանք [քրդերը - ՍիվիլՆեթ] 1915 թվականի հայերը չեն, որոնց կարողանաք սպանել: Քրդերը՝ հույների կամ հրեաների նման չեն, որոնց կարողանաք խոշտանգել սեպտեմբերի 6-7-ի դեպքերի նման»,- ասաց նա շատ բացասական տոնով, որի համար հետո ներողություն խնդրեց: Դրանից հետո ՔԱԿ-ի առաջնորդներից մեկը՝ Մուսթաֆա Քարասուն, հայտարարեց, որ իր կուսակից Բեսե Հոզաթի խոսքերը հարցազրույցի համատեքստից դուրս են հանել: Նա, նման բացասական վերաբերմունքը «ամոթալի» անվանելով, ափսոսանք հայտնեց: Նաև նշեց, որ քրդերն են Թուրքիայում ժողովրդավարության միակ երաշխավորները, թե քրդերն են հաստատելու ժողովրդավարությունը և ազատությունը Մերձավոր Արևելքում: Նա դատապարտեց Բեսե Հոզաթի խոսքերի «խեղաթյուրումը»: Նա ասում է հետևյալը․ «Եթե հայերը, հրեաները, հույները, ասորիները և տարբեր կրոնական ու էթնիկ խմբեր պատրաստվում են ապրել ազատ և ժողովրդավարական ձևով, ապա նրանց ամենամեծ դաշնակիցն են քրդական ազատության շարժումն ու քրդերը»: Այս խոսքերը պարզաբանման կարիք ունեն: Քրդերը տեսնում են իրենց որպես երաշխավոր: Ավելին բացատրելու կարիք չկա: Այսօր ՔԱԿ-ն ու Քրդական համայնքների միությունը ավելի կարևոր բաներ ունեն անելու: Դրանցից մեկը «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (BDP) կողմից բռնագրավված Մոր Աբդին ասորական վանքին պատկանող տարածքների վերադարձն է: Սենուլ Ակսուի գործով դատավարությունները, որոնք շարունակվում են արդեն հիսուն տարի, կարող են լուծում ստանալ: Արշակ Բաղդասարյանը սպանվել էր Բիրանսեհիրում` իր հողերը պահանջելու համար: Այդ հողերը կարող են վերադարձվել նրա որդուն՝ Օրհան Յունկեսին: Հեռու գնալու կարիք չկա: -Տեղի ունեցածին արձագանքեց PKK առաջնորդ Օջալանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա հայտարարությունը: -Օջալանի տեսակետներն այս թեմայի շուրջ պարզ են: Հատկապես շատ կարևոր է 2013-ի փետրվարին ասած նրա հետևյալ խոսքը՝  «Թուրքիայում կան զուգահեռ պետության նախագծի երեք ուղղություններ: Լոբբիստները, որոնք աշխատում են քրդերի և թուրքերի հարաբերությունները սադրելու ուղղությամբ, շատ լուրջ են: Հրեական, հայկական և հունական լոբբին ԱՄՆ-ում են, ռազմավարական և մարտավարական միջամտություններ են իրականացնում, և երեքն էլ Անատոլիայից են»: Հաջորդը նրա նովրուզյան ելույթն էր 2013-ի մարտին, որը շեշտը դնում էր մահմեդական եղբայրության վրա, որը շատ քիչ էր տարբերվում (Սուլթան) Աբդուլհամիդի «Միասնություն և փրկություն» ծրագրից, ինչը օտարում է քրիստոնեական բնակչությանը: Երկուսն էլ շեշտը դնում են Ումմեթի վրա (Մահմեդական հավատացյալների միասնություն – ՍիվիլՆեթ): Լսելով Օջալանի այս խոսքերը՝ կարող ենք ասել, որ նա իր նովրուզյան ելույթում տվեց 2015թ․ քաղաքականության մեկնարկը: Կցանկանայի այստեղ մի բան ավելացնել փակագծերի մեջ, ինչը ամենակարևորն է, որ կառավարությունը ցանկանում է անել 2015-ին: 1915-ին քուրդ-թուրքական եղբայրությունն ի ցույց դրվեց երկու առիթով․ առաջինը՝ Գալիպոլիի ճակատամարտում, երբ քրդերը պայքարեցին թուրքերի հետ կողք կողքի` ի նշան իրենց հավատարմության մահմեդական ինքնությանը: Երկրորդ՝ երբ նրանք մասնակցեցին Հայոց ցեղասպանությանը՝ նորից իրենց մահմեդական ինքնության հիմքերի վրա: Առաջին դեպքում իսլամական համերաշխության հիմքով թուրքերին աջակցելու հարցն էր, իսկ երկրորդ դեպքում՝ փողի ու հողի: -Արդյոք քրդերն ու Էրդողանը միասնաբա՞ր են պատրաստվում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին: Ցեղասպանության հարցը սակարկության նյո՞ւթ է դարձել քրդերի և Էրդողանի միջև: -Ճիշտ կլինի ասել՝ նրանք աշխատում են միասին, և դա օգնում է կառուցել միասնություն: Քանի որ Օջալանն արեց այդ հայտարարությունները 2013-ին շատ հանկարծակի՝ շատերը կարծում են, որ թուրքական կառավարություն է ստիպել նրան անել դա:  Ես ուզում եմ նաև խոսել այն մասին, որ մի հայկական լրատվամիջոց վերջերս գրեց, թե Թուրքիան 2015-ին պատրաստվում է ավելի լավ, քան մենք: Դա ճիշտ է այն առումով, որ Թուրքիան պատրաստում է հսկայական բյուջեով մեծ նախագիծ: Թուրքիան կազմակերպում է բազմաթիվ գիտաժողովներ, որոնցից մեկին մասնակցել եմ նաև ես: Այն Իթթիհադ վե Թէրակկիի մասին էր («Միություն և առաջադիմություն» կուսակցություն, երիտթուրքեր – ՍիվիլՆեթ): Համաժողովը ղեկավարում էր Շուքրու Հանիօղուն, որը փակեց այն՝ առանց հայերի մասին մեկ խոսք անգամ ասելու: Ինչ վերաբերում է գործարքին՝ Օջալանն իր վերջին ուղերձում հայտարարեց, որ պետության հետ որևէ գործարքի մեջ չէ: Եվ նա ճիշտ է: Օջալանը պետության գերին է ավելի քան 10 տարի: Գուցե մենք կարող ենք խոսել հնազանդվելու մասին, ոչ թե՝ գործարքի: Դա ավելի հավանական է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ: 

Viewing all articles
Browse latest Browse all 16994

Trending Articles