Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ «Քրդստան» բառն արտասանելու համար սկսված դատական գործը փակվել է, հաղորդում է թուրքական Radikal-ը: Իզմիրից երկու քաղաքացի Էրդողանի` Դիարբեքիրում «Իրաքի Քրդստան տարածաշրջան» արտահայտության համար դատական հայց էին ներկայացրել Թուրքիայի վարչապետի դեմ: Վերջինս մեղադրվում էր «երկրի անբաժանելի ամբողջականությունը խաթարելու մեջ»: Իզմիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն էր սկսել հարուցված գործի առնչությամբ, ապա այն ուղարկել Դիարբեքիրի դատարան, որը գործը փակել է: 2013թ. նոյեմբերի 16-ին Դիարբեքիրում Էրդողանն Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիի հետ հանդիպման սկզբում ասել էր. «Սիրով ողջունում եմ Իրաքի Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Մասուդ Բարզանիին»: Հաշվի առնելով այն, որ Էրդողանն առաջին անգամ էր արտասանում «Քրդստան» բառը, թուրքական մամուլն այդ որոշումը համարեց պատմական: Առաջ եկած դժգոհությանն ի պատասխան` Էրդողանի կողմնակիցները շտապեցին հայտարարել, թե Քրդական ինքնավարության պաշտոնական անվանումը Քրդստանի տարածաշրջան է: էրդողանը, խոսելով այն մասին, թե ինչու է օգտագործել «Քրդստան» բառը, ասել է, թե ժամանակին Մուստաֆա Քեմալն էլ է այն կիրառել: Այս հայտարարությունը ոգևորեց քրդերին և նրանք անմիջապես գրավոր հայտարարություններում սկսեցին օգտագործել «Թուրքիայի Քրդստան» արտահայտությունը, ինչը մեջլիսում ծեծկռտուքի պատճառ դարձավ:
↧