Ուկրաինայի միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների ասոցիացիան հայտնում է ռուս-ուկրաինական սահմանին ապրանքների մաքսային վերահսկողության խստացման մասին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ասոցիացիայի կայքում տեղադրված հայտարարությունը։ Բեռնափոխադրողները վստահեցնում են, որ ստուգման կարող են ենթարկվել ապրանքների բոլոր խմբաքանակները, իսկ բեռների ձևակերպումը կարող է տևել 10-15 աշխատանքյաին օր։ Ասոցիացիայի կայքում նշվում է, որ այս տեղեկատվությունը պաշտոնական չէ, սակայն նմանատիպ բարդությունների ծագման դեպքում անհրաժեշտ է տեղեկացնել Ուկրաինայի իշխանության մարմիններին։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության Հարավային մաքսային վարչության ներակայցուցիչը BBC-ի ռուսական ծառայության՝ ստեղծված իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան հայտարարել է, որ առայժմ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել սահմանին խստացված ռեժիմի սահմանման մասին տեղեկությունները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի մաքսային ծառայությունն այս հարցի շուրջ իր պաշտոնական դիրքորոշումը կհայտնի հունվարի 30-ին՝ երեկոյին մոտ։ Մինչդեռ, ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, սահմանին վերահսկողության խստացման մասին հաղորդում է նաև Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան։ «Մաքսային խստացված վերահսկողության ընթացակարգը կիրառվում է Ուկրաինայում արտադրված սննդամթերքի, մեքենաշինության արտադրանքի, մետաղի և առևտրային սարքավորումների նկատմամբ։ Մաքսային ձևակերպման ժամանակ արտադրանքը դուրս են բերում բեռնատարներից և գնացքների վագոններից, կշռում են, ստուգում են համապատասխանության վկայագրերը»,- ասված է Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում։ Ռուսաստանի մաքսային մարմինները, ինչպես հաղորդվում է, նաև բեռների սեփականատերերից պահանջում են վճարել հավելյալ մաքսատուրքեր՝ ապրանքների արժեքի 5-40%-ի չափով։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ խստացված վերահսկողությունը սահմանվել է հունվարի 28-ին, և սահմանին արդեն կուտակվել են բեռնատարների ու ուղևորատար ավտոբուսների հերթեր։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մաքսային խնդիրներ նախկինում էլ են ծագել։ Անցյալ տարվա ամռանը Ուկրաինայի գործատուների ֆեդերացիան հայտարարել էր, որ ռուսական սահմանին ստուգվում են Ուկրաինայից բոլոր ապրանքները՝ առանց բացառության, իսկ մաքսային ծառայության աշխատակիցները ստիպում են բեռնաթափել և ցույց տալ ամբողջ ապրանքը։ Ռուսաստանի կառավարությունն այդ ժամանակ հայտարարել էր, որ ստուգման խստացումը մաքսային մարմինների որոշումն է։ Երկու երկրների միջև դժվարություններ են առաջացել նաև ապրանքների առանձին խմբերի հարցում, օրինակ, երբ «Ռոսպոտրեբնադզորը» (Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը) սահմանել էր ուկրաինական պանրի և «Ռոշեն» ընկերության կոնֆետների ներմուծման արգելք։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվայի նմանատիպ գործողությունները Ուկրաինայի իշխանությունների վրա ազդեցության գործիք են՝ «Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խորացման» համար։
↧